0:00/???
  1. Autumn

From the recording Autumn Raindog 2018

Lyrics

ԱՇՈՒՆ

Կարմրաշեկ այդ ծաղրածուն՝ Աշունը,
Քշում է իր միականի հեծանիվը,
Ւնչ ես ինձ հետ անում,
Աշուն, սրիկա Աշուն...
---
Ես ծնվեցի՝ որպես տերև դեղնած,
Աշնան վերջին օրերն ապրող մի կորացած ծառի,
Իր հուշերի հաշվին շնչող, ուշակորույս ծառի,
Ծառի բեռան տակ անհույս կքած։

Տերևների մեջ հին ու հնությամբ շնչող,
Հին ու հանգած կրքերն են՝ հոգնած քենով
Թունավորում ներկան՝ ներարկելով անցյալը,
Ներկելով ներկան անիրական վերգով*։
---
Ու սանրվածքներն այս խորթ ու շարժումներն օտար,
Ու հայացքներն դատարկ, ոչինչ չասող,
Ու գլուխներն այս՝ հայացքներից դատարկ,
Ողնաշարները կոր ու փայտ լսող։

Ու կառույցներն այս գորշ, անշունչ, անկիրք
Ու առևտուրն այս բիրտ ու անհեթեթ
Միթե՞ չի մնացել մի գիրկ կարգին
Ուր կարելի լիներ նետվել

Կրկներգ
Որտե՞ղ, որտե՞ղ կորար, իմ պատանի լուսե,
Իմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորար,
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
Պոկեք ինձ այս Աշնան անգութ գրկից ...

Այս կրակները սուտ, ուր ջերմությունը՝ չիք,
Ու փորերից ելնող հրճվանքն անասնական,
Այս խնդությունը կեղծ ու սալյուտները սին,
Մի՞թե արդեն ոչինչ, արդեն ոչինչ չկա։

Լոկ աղջիկներն մոմե և տղաներն այս՝ բութ,
Պիտի ծնեն երթեր՝ մեղկ հորթերի հլու,
Պիտի կոկորդ կրծեն մի ոսկորի սիրույն,
Հարմար տեղի համար խեղդեն պիտ իրարու։

Կրկներգ
Որտե՞ղ, որտե՞ղ կորար, իմ պատանի լուսե,
Իմ աղջնակ փերի, արդյո՞ք որտեղ կորար,
Եթե դուք դեռ, դուք դեռ կարող եք ինձ լսել,
Պոկեք ինձ այս Աշնան անգութ գրկից ...
---
Ու՞ր, ու՞ր է գլորվում այս անհեծան անիվը,
Մի ծեր մայր ու բյուրավոր անհայր որբեր...
---
Այս հողը՝ երգված, ներկված արյամբ,
Խռոված հողն այս՝ մարմինների մարմին,
Սպասում է, երբ պիտի քոչի վերջին
Խեղված, տարաբախտ խառնածինը:

Գիտեմ՝ պետք է լինել ուրախ, պիտի երգեր երգել,
Պիտի հրճվել ու գովերգել ներկան,
Որ կենդանի ենք դեռ՝ այս եզերքում խղճուկ,
Որ ուտելու՝ հաց, խմելու՝ ջուր, դեռ կա:
---
Կարմրաշեկ այս ծաղրածուն՝ Աշունը,
Քշում է իր միականի հեծանիվը,
Ւնչ ես ինձ հետ անում,
Աշուն, սրիկա Աշուն...

* երգ-վերք։